Կառավարությունը մայիսի 29-ի նիստում հավանություն է տվել պետական գույքը վարձակալությամբ օգտագործելու նախագիծին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագծի հիմնավորմամբ՝ մի շարք դեպքերում պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օգտագործում են ոչ ամբողջ ծավալով, մի շարք դեպքերում էլ տրամադրում են վարձակալության՝ առանց իրավական հիմքերի, իսկ պետությունը զրկվում է այդ տարածքներից եկամուտ ստանալու հնարավորությունից։
«Մինչդեռ վարձակալության տրամադրման պարագայում պետական մարմինները և կազմակերպությունները տարածքները վարձակալելու են՝ հիմք ընդունելով մոտարկված կադաստրային արժեքը, արդյունքում՝ ազատված տարածքները կա՛մ օտարվելու են, կա՛մ տրամադրվելու են վարձակալությամբ շուկայական գնահատման և սակարկությունների արդյունքում ձևավորված արժեքի հիման վրա, ինչն էլ հանդիսանալու է պետբյուջեի միջոցների ավելացման աղբյուր»,- ասված է նախագծում։
Որպես պետական բյուջեի միջոցների ավելացման աղբյուր է ծառայելու նաև պետական ոչ առևտրային և առևտրային կազմակերպություններից գանձվող վարձակալական վճարները, հավելել են նախագծի հեղինակները։