Կենտրոնական բանկը հայաստանյան բանկերին հորդորել է սառեցնել զեղծարարությունների հետևանքով հաստատված գործարքներից բխող վարկային պարտավորությունները։ Այդ մասին ասուլիսին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, որը հեռարձակվել է Armenia Today-ի ուղիղ եթերում։
Գալստյանը նշել է, որ զեղծարարությունների հետևանքով բանկերում պարտավորություններ ունեցողների խնդիրը լուծելու ճանապարհն այս պահին դրանք սառեցնելն է։ Նա նշել է, ԿԲ-ն հանձնառություն է վերցրել ուսումնասիրելու բոլոր դեպքերը՝ հասկանալու, թե ո՞ր դեպքում է զեղծարարությունը քաղաքացու, որ դեպքում՝ համակարգի պատճառով։
Նա հավելել է, որ այդ նպատակով ԿԲ-ն բանկերում անհատական ստուգումներ է իրականացնում։ Նրա խոսքով՝ զեղծարարարություններից տուժածների վարկային պարտավորություններն ընդհանուր վարկային պորտֆելի 0,1%-ն են։
«Այս պահի դրությամբ՝ մենք 3-4 բանկում խորքային ուսումնասիրություն ենք իրականացնում»,- շեշտել է նա՝ չհրապարակելով բանկերի անունները։
Գալստյանը մարտին հայտարարել էր, որ վարկային խաբեությունների բոլոր դեպքերն ուսումնասիրելու են։ Ապրիլի 7-ին «Հանրային Վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշպան Մհեր Կարագոզյանը տեղեկացրել էր, որ, իրենց տվյալներով, զեղծարարության միջոցով ՀՀ 286 քաղաքացու անուններով բանկերում ապօրինի վարկեր են ձևակերպվել։ Զեղծարարություններից տուժաներն ավելի քան 2 ամիս է՝ ակցիաների միջոցով պահանջում են սառեցնել զեղծարարության հետևանքով առաջացած վարկային պարտավորությունները։ Մայիսի 5-ին նրանք ակցիա էին իրականացրել ԿԲ-ի ու ՄԻՊ-ի դիմաց՝ ԿԲ-ի մեղադրելով «հանցավոր լռության» մեջ։