Քաղաքացիներին ֆինանսական խարդախություններից պաշտպանելու պահանջով բանկային և վարկային զեղծարարություններից տուժածները մայիսի 5-ին ակցիա են իրականացրել Կենտրոնական բանկի շենքի դիմաց, այնուհետև շարժվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Նրանք ԿԲ-ի լռությունը «հանցավոր գործունեություն» են անվանել։
Քաղաքացիները, որոնք ավելի քան 2 ամիս է՝ պարբերաբար ակցիաներ են անում, պնդել են, որ զեղծարարությամբ իրենց անունով բանկերում ապօրինի վարկեր են ձևակերպվել։ «Հանրային Վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշպան Մհեր Կարագոզյանը ԿԲ-ի դիմաց լրագրողներին ասել է, որ քաղաքացիները բանկ չեն գնացել, որևէ ծառայության համար չեն դիմել, բայց զեղծարարության հետևանքով այս պահի դրությամբ վարկային պարտավորություններ ունեն։
«Օրենքով նախատեսված կարգով իրենք պետք է այս իրավիճակներում թափանցիկ աշխատեն և հաշվետվություններ տան հատկապես զեղծարարության զոհ դարձած քաղաքացիներին։ Բայց ԿԲ-ի այս լռությունը սովորական անտարբերություն չէ, այն հանցավոր անգործություն»,- նշել է Կարագոզյանը։
Նա վերահաստատել է զեղծարարության միջոցով տրամադրված ապօրինի վարկային գործարքներն ու դրանց հետ կապված պահանջները չեղարկելու իրենց պահանջը։ Իրավապաշտպանի խոսքով՝ իրենց գոհացնող պատասխան միայն ԿԲ-ից չեն ստացել: Նա հավելել է՝ Քննչական կոմիտեից, Գլխավոր դատախազությունից ստացած արձագանքները թեև բավարար են, բայց այս դեպքում էլ գործուն քայլեր են անհրաժեշտ։
«Թեմային դատախազն անդրադարձել է նաև Ազգային ժողովում, բայց մենք գործուն քայլեր ենք ակնկալում՝ ԿԲ-ի դրսևորած լռության առնչությամբ։ Բանկերի զեղծարարությունների պատճառով ոչ մի հաճախորդ չպետք է տուժի՝ Հայաստանի քաղաքացիների ֆինանսական իրավունքների պաշտպանությունը ՄԿԲ-ի գործառույթներից է»,- հավելել է Կարագոզյանը։
Քաղաքացիները կարճ ժամանակով ԿԲ-ի մուտքը փակելուց հետո շարժվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ նշելով, որ օմբուդսմենի լռությունն էլ իրենց դուր չի գալիս:
«Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել զանգվածային հանցագործություններ, թալան, իսկ քաղաքացիների իրավունքներն ամեն քայլափոխի խախտում են բանկերում։ ՄԻՊ-ից պահանջելու ենք իրենց միջոցներով հանդիպում-քննարկում կազմակերպել ԿԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է իրավապաշտպանը։
ՄԻՊ-ում քաղաքացիների հետ փակ հանդիպում է տեղի ունեցել ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանի հետ։ Վերջինս, իրավապաշտպանի խոսքով, ակցիայի մասնակիցներին տեղեկացրել է, որ ծանոթ են խնդրին, բայց միջամտելու որևէ գործառույթ չունեն։
Հանդիպումից հետո Կարագոզյանը խոսել է իրենց հետագա քայլերի մասին՝ ընդգծելով, որ, հնարավոր է՝ հաջորդ ակցիան տեղի ունենա Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց։
«Եթե պետական կառույցները մեր հարցերի պատասխանները չտան, կփակենք բանկերի դռները»,- հավելել է նա։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մարտին հայտարարել էր, որ վարկային խաբեությունների բոլոր դեպքերն ուսումնասիրելու են։ Ապրիլի 7-ին Կարագյոզյանը տեղեկացրել էր, որ, իրենց տվյալներով, զեղծարարության միջոցով ՀՀ 286 քաղաքացու անուններով բանկերում ապօրինի վարկեր են ձևակերպվել։