Փոքր և միջին ձեռնարկատերերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կասեցնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի 5%-ից 10% բարձրացումը։
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն, որը միացել էր ցուցարարներին, փոքր և միջին բիզնեսին հասցված վնասը կապել է իշխանությունների կողմից երկրում մենաշնորհ հաստատելու մտադրության հետ, ինչը, ըստ նրա, տեղի է ունենում քաղաքական դաշտում բռնապետություն հաստատելու փորձերին զուգընթաց։
«Մի կողմից տեսնում ենք քաղաքական համակարգում դիկտատուրայի կառուցում, հաջորդ կողմից պետք է մոնոպոլիայի կառուցում գնա, որ կառավարելի լինի։ Իհարկե մոնոպոլիան էլ հանգեցնում է տնտեսական քաղաքականության տապալման, աղքատության բարձրացման, գործազրկության աճի, գների թանկացման», – բացատրել է նա։
Սարգսյանը չի բացառել, որ նման պայմաններում բիզնեսները ստիպված կլինեն փակվել ինչպես առևտրի, այնպես էլ ծառայությունների ոլորտում։
«Մարզերում մենք ահազանգեր ունեցանք, որ փակումներ են գրանցվել, նույնը վերաբերելու է Երևան քաղաքին, որովհետև ուղղակի անհնար է այս եղանակով աշխատել։ Ավելին ասեմ, եթե թույլ ենք տալիս, որ կառավարությունն այս չարիքը անցկացնի, այսինքն ուժի մեջ պահի, հաջորդ տարի արդեն ստիպելու է, որ գնան ԱԱՀ-ի դաշտ»,- պարզաբանել է Սարգսյանը։
Աուդիտորների պալատի ղեկավարի խոսքով, եթե ձեռնարկատերերը հիմա հրաժարվեն պայքարից, ապա հաջորդ տարի նրանք այստեղ կհավաքվեն ոչ թե 10%-ի, այլ 33%-ի դեմ։
Ոսկու առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկն ասել է, որ կառավարությունն այս որոշումը կայացրել է առանց համապատասխան դաշտն ուսումնասիրելու։
«Մենք այն մարդիկ ենք, որ հայրենասերներ ենք, մնացել ենք հայեերնիքում։ Մի՛ հասցրեք նրան, որ գնանք հեղափոխության»,- նշել է նա։
Հագուստի առևտրով զբաղվող տնտեսվարողներից մեկն էլ կառավարության գործելակերպը անվանել է «ռեկետ»։ Ըստ նրա՝ ՖՆ եկամուտների քաղաքականության վարչության պետ Օրի Ալավերդյանը հարցազրույց է տվել, որտեղ պնդել է, եթե չկա վաճառքի փաստաթուղթը, ապա իրենց համար մեկ է, թե ով կվճարի դրա 10%-ը, փո՞քրը, թե՞ մեծը։
«Ես հասկանում եմ, որ դուք շատ խելացի եք, բայց մեզ պետք են նաև ժողովուրդ սիրող մարդիկ։ Այխմանին եք նմանվում՝ «կոնցլագերները կառուցել են շատ գրագետ ինժեներները, էրեխեքին թունավորել են լավ բժիշկները․․․»։ Ինչ է նշանակում մեզ համար մեկ է, բա դա ռեկետ չի՞»,- ասել է նա։
2024-ի մայիսի 2-ի նիստում կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5%-ի փոխարեն սահմանելով 10% սահմանաչափ։ Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու և օրենքը կասեցնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել հունվարի 13-ին, 23-ին, 27-ին, 30-ին և փետրվարի 5-ին։
Փետրվարի 7-ին խորհրդարանում տնտեսվարողների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումից հետո գործարարները հայտարարել էին, որ այն արդյունք չի տվել։ Նրանք տեղեկացրել էին, որ շարունակելու են բողոքի ակցիաները։