Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան էներգետիկ ընկերություն են հիմնել Սև ծովի սուզանավային մալուխի նախագծի շրջանակներում, հայտնել է 1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը։
Ռումինիայի Բուխարեստում հաջողությամբ ավարտվել է Green Energy Corridor Power Company-GECO POWER COMPANY համատեղ ձեռնարկության գրանցման գործընթացը Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի հաղորդման համակարգերի օպերատորների մասնակցությամբ։
1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս փուլում համատեղ ձեռնարկությունը Կանաչ էներգետիկ միջանցքի շրջանակներում կզբաղվի գիտահետազոտական և նախագծային աշխատանքներով։ Դրա ստեղծման հիմնական նպատակը Կանաչ էներգետիկ միջանցքի նախագծի իրականացումն է, որը, մասնավորապես, նախատեսում է ստորջրյա բարձրավոլտ փոխանցման մալուխի կառուցում Սև ծովով։
Հունվարի 30-ին Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրություն և պատրաստակամություն էր հայտնել միանալու Սևծովյան էլեկտրահաղորդման մալուխի նախագծին։ Նա նշել էր, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության լիարժեք հարգման շրջանակներում։
Սևծովյան սուզանավային մալուխի նախագիծը խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որն ուղղակիորեն կմիացնի Վրաստանն ու Ռումինիան, իսկ ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի էներգետիկ համակարգերը: