Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագրի համար ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկից վարկ կվերցնի։ Կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և ԱԶԲ-ի միջև «Դիմակայուն և ներառական տնտեսական միջանցքի բարելավման ծրագրի» համար վարկ տրամադրելու մասին համաձայնագրով համաֆինանսավորվող ծրագրին։
Ծրագրով նախատեսվում է կառուցել 27,12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատվածը, կմ0+000÷կմ27+125, 8,65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125÷կմ35+775 և 24,25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775÷ կմ60+022 ենթահատվածը։
Նշվում է, որ ներդրումային ծրագրի հիմքում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիր իրականացնելու նախաձեռնությունն է։
«Հաշվի առնելով դեպի ծով ուղիղ ելքի բացակայությունը՝ տրանսպորտային կապերի բարելավումը և տրանսպորտային ծախսերի նվազեցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։ Երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը»,- ասված է հիմնավորման մեջ։
Նախագիծը մշակած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կարծում են, որ ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
2024-ի նոյեմբերին այն ժամանակվա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան-Գյումրի հատվածը 2025-ին ամբողջությամբ պատրաստ կլինի։