Կառավարությունը 6 մլն 366 հազար դրամ (16 507 հազար դոլար) է հատկացրել շենքում տեսանկարահանման համակարգ տեղադրելու համար, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ սարքը ոչ միայն պատկերը, այլ նաև ձայնն արձանագրելու հնարավորություն ունի։
«Տպավորություն է, որ այս սարքն ավելի շատ կառավարության աշխատողներին հսկելու, քան դրսից կողմնակի անձանց մուտքն արգելելու համար է՝ նկատի ունենալով, որ սարքը ներքին օգտագործման համար է»,- գրել է թերթը։
Թերթը հավելել է, որ թեև իշխանությունն իր վարքով ու հայտարարություններով փորձում է ֆոն ստեղծել, թե իբր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարում է, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շարունակում է ուժեղացնել։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։
Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր, և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։