Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ֆրանսիական «TotalEnergies» նավթագազային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Պույաննեի հետ քննարկել է Ադրբեջանում ընկերության գործունեության ընդլայնման հարցերը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Կասպից ծովի «Ապշերոն» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման նախագծի իրականացման ընթացքը: Ալիևն ու Պույաննեն մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանում «TotalEnergies»-ի գործունեության ընդլայնման շուրջ, այդ թվում՝ «Ապշերոն» հանքավայրի լիարժեք շահագործման փուլի անցումը:
«Ֆրանսիական ընկերությունը նույնպես հետաքրքրություն է հայտնել նոր նախագծերին մասնակցելու հարցում։ Մասնավորապես, քննարկվել նաև Նախիջևանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացման հեռանկարներն ու ներուժը»,-ասված է եղել հաղորդագրության մեջ:
Հուլիսին «TotalEnergies»-ը հայտնել էր Ադրբեջանի «Ապշերոն» գազակոնդենսատային հանքավայրում արդյունահանման մեկնարկի մասին։ Ֆրանսիական ընկերությունն այդ նախագիծն իրականացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ համատեղ: