Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ամերիկյան «Virtual Funding» և «CSE Global Invests» ընկերությունների սեփականատերերը հայտարարել են, որ ադրբեջանական գնդակոծության շարունակությունը նրանց կողմից կդիտվի որպես «հարված ամերիկյան կապիտալին»։
Ընկերության հայտարարությունում կեղծ են որակվել Բաքվի պնդումները, թե գործարանը բնապահպանական խնդիրներ կստեղծի Ադրբեջանի համար։ Նշվում է, որ ընկերությունները չեն խախտել միջազգային կոնվենցիաների ոչ մի դրույթ, քանի որ կառուցվող գործարանի տեսակն ու հզորությունը անդրսահմանային ազդեցություն չի ստեղծում։
Այս պնդումներն ապացուցելու համար գործարանի սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել հարցը քննարկել միջազգային փորձագետների հետ թե՛ անձամբ, թե՛ հեռակա կարգով։ Հայտարարության համաձայն, դրան կհաջորդեն ընկերությունների գործողությունները միջազգային իրավական հարթակներում, որոնց համար նրանք գումարներ չեն խնայի և փոխհատուցում յպահանջեն կատարված ներդրումների, կրած վնասների և կորցրած եկամուտների համար։
«Եթե մեր այս հայտարարությունն անտեսվի և նոր կրակոցներ արձակվեն անզեն աշխատողների ուղղությամբ, մենք դա կհամարենք հարված ամերիկյան կապիտալին, որը բնապահպանական դրդապատճառներ չունի, բայց զուտ քաղաքական որոշում է»,- ասվում է նաև հայտարարության մեջ։
Հունիսի սկզբին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանից հրթիռակոծության արդյունքում «ԱՄՆ-ին կից ընկերության» երկու աշխատակցի վիրավորվելու կապակցությամբ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Արարատի մարզի Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ, երկու ամսով կալանավորված ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել...