Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։ Ֆլեշմոբը տևելու է կես ժամ՝ ժամը 18:00-18:30-ը:
Նշվում է, որ ժամը 18:00-ին ընտրված 4 հարթակում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Երևանում ֆլեշմոբը կիրականացվի Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ազատության հրապարակում ելույթով հանդես կգան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» և Հայաստանի պարի պետական անսամբլները, ինչպես նաև «Բերդ» պարային անսամբլը։
Հյուսիսային պողոտայի և Եվրոպայի հրապարակում հանդես կգան Սոֆի Դևոյանի դպրոցի սաները, Հանրապետության հրապարակում՝ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերը, իսկ նախարարության հարակից տարածքում՝ «Նանե դանս շոու» խմբի սաները: