«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Մայքլ Դաննայի աշխարհահռչակ սյուիտի հայաստանյան պրեմիերան՝ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի երաժշտությունից՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 19:30-ին, հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը
Համերգին կհնչի վրացի հայտնի կոմպոզիտոր Գիյա Կանչելիի Styx խոհափիլիսոփայակակն ստեղծագործությունը՝ Սառա ՄըքԷլրավիի (ալտ, ջութակ) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համերգին կհնչի նաև Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» ստեղծագործությունը լարային նվագախմբի համար։
Համերգն անցկացվում է Պենդերեցկու ժամանակակից երաժշտության հինգերորդ փառատոնի շրջանակներում։ Տոմսերի արժեքը տատանվում է 3-10 հազար դրամի սահմաններում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 5-29-ը կազմակերպում է Պենդերեցկու ժամանակակից երաժշտության հինգերորդ փառատոն, որը ներառում է երեք սիմֆոնիկ համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել մարտի 5-ին։ Համերգին հնչել են Քշիշտոֆ Պենդերեցկու, Ավետ Տերտերյանի և կոմպոզիտոր Էրիկ Ուիթաքրի ստեղծագործությունները։
Փառատոնի երկրորդ համերգում կայացել էր կոմպոզիտոր Լոուել Լիբերմանի ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։