Փետրվարի 19-ին և 20-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի կունենա «Ախթամար. Սիրո լեգենդը» սառցե ներկայացումը։
Այն ստեղծվել է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բալլադի հիման վրա։ Հանդիսատեսն այն կվայելի սառցե շոուի տեսքով։ Գեղասահորդները կմարմնավորեն հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսներին։
Ներկայացման օրը պատահական չէ․ փետրվարի 19-ը Թումանյանի ծննդյան, ինչպես նաև գիրք նվիրելու օրն է։
Սառցե շոուի երաժշտությունը գրել է հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին: Զգեստների դիզայները Կարինե Դնոյանն է։
Կազմակերպիչները նշել են, որ տեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմություն: Ներկայացման ստեղծմանը շուրջ 200 մասնագետից բաղկացած միջազգային թիմ է աշխատել։
Տոմսերը վաճառվում են 6000-20 000 դրամով։