Ֆրանսիայում «Ազնավուրը դասական հնչողությամբ» համերգային ծրագրով պաշտոնապես մեկնարկել են հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված միջոցառումները, հաղորդում է «Ազնավուր» հիմնադրամը։
«Ազնավուրի հավերժական երաժշտությանը նվիրված երեկոն ծավալվեց Կաննի ազգային նվագախմբի ելույթներով՝ դիրիժոր Ֆիլիպ Բերանի ղեկավարությամբ, ինչպես նաև Քրիստինա Ազնավուրի (մենակատար ) և Էրիկ Բերշոյի (դաշնակահար) մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Համերգը կայացել է Կաննի փառատոնների և կոնգրեսների պալատում։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը կվերանվանվի Շառլ Ազնավուրի այգի։