Աննա Հարությունյանը ֆիլմ է նկարահանում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի սպորտային կարիերայի մասին․ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Ավդալյանին կմարմնավորի հենց Հարությունյանը, գրում է Bravo.am-ը։
«Ավդալյանի կանացի կերպարն ինձ համար միշտ է ոգեշնչման աղբյուր եղել, իսկ նրա մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը շատ հանկարծակի եղավ: Մարզասրահում սովորականի պես պարապում էի, երբ մեջքս ցավեցրի, եւ առաջին միտքը տուն գնալն էր: Միանգամից մտածեցի, թե ինչ գնով են մեր մարզիկները հասնում հաջողությունների, եւ գլխումս պայթեց Ավդալյանի անունը: Հասկացա՝ նրա անցած ուղին ֆիլմի տեսքով պիտի ամրագրվի պատմության մեջ»,- պատմել է դերասանուհին:
Նրա խոսքով՝ Ավդալյանն իրեն միշտ տպավորել է ուժի եւ կանացիության համադրության շնորհիվ ու կարողացել է ծանրամարտի մասին շատ կարծրատիպեր կոտրել:
«Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և, իհարկե, պատմությունը հանդիսատեսին փոխանցվելու է արվեստի լեզվով: Ներկայացվելու է 2009-2016 թթ. ընկած ժամանակահատվածը, որը ներառում է Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո չարաբաստիկ վթարը, սպորտը ստիպված թողնելը եւ անհավանական վերադարձը, երբ հաջողվեց Եվրոպայի առաջնությունում կրկնակի չեմպիոն հռչակվել»,- նշել է Հարությունյանը:
«Մեդալի հակառակ կողմ»-ի նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 29-ին և շարունակվելու են մինչև գարուն: «Ֆիլմի ժանրը սպորտային դրամա-կենսագրություն է եւ իր մեջ ներառում է տարվա բոլոր եղանակները: Մանրակրկիտ աշխատում ենք յուրաքանչյուր տեսարանի վրա, հուսանք`ամեն բան պլանավորածի պես կլինի»,- հավելել է դերասանուհին: