Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ կառույցը 13-րդ դարի է։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։
Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։ Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Սեդվու ձորում կան հին գյուղատեղեր, միջնադարյան գերեզմանոցներ և մեծաթիվ խաչքարեր։