Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամն ազդարարում է իր նոր՝ համաշխարհային նախագծի մեկնարկը։ Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։
«Aznavour Classique. Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագիրը մեկնարկում է Հայաստանում, այնուհետև շրջագայության մեկնի աշխարհի լավագույն համերգասրահներ։ Համերգը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգին ելույթ կունենան Քրիստինա Ազնավուրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրավիրված դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի: Համերգի հատուկ հյուրերն են երաժիշտներ Էրիկ Բերշոն և Դիդիե Գուազոն, ովքեր նվագակցել են Ազնավուրին աշխարհի լավագույն բեմերում։ Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է Հիմնադրամի կողմից իրագործվող «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագրին։