Այսօր՝ Դեկտեմբերի 5-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80 ամյակին նվիրված համերգ-հանդիպում։ Հնչեցին երգեր, որոնք գրվել են 37 տարեկանում և որոնցից շատերը կոմպոզիտորը մինչ այժմ չի կատարել։
Կոմպոզիտորը զրույց ծավալեց կյանքի ու երաժշտության մասին:
«Երաժշտությունն այն է, ինչ որ իմ ծնունդի հետ եկել է, ես դրանով զբաղվում եմ առանց մտածելու, թե սա ինչ բարիքներ է բերում, այն իմ հոգու ազատություն է».,-նշեց Ամիրխանյանը:
Համերգին զուգահեռ ազգային գրադարանում ներկայացված էր նաև Ամիրխանյանին նվիրված գրքերի, ամսագրերի ու ձեռագիր նոտաների ցուցադրություն։ Հաջորդ տարի էլ կոմպոզիտորի դուստրը կհրատարակի նրան նվիրված գիրք՝ կազմված հատորներից։
Նշենք, որ Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ, հայտնի և սիրված երգերի երաժշտություններ։ Գրել է դաշնամուրային կոնցերտ, կվարտետ, մյուզիքլներ, երգաշարեր և կինոերաժշտություն:
Աննա Կոստանյան