Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում, հայտնել է ՀՀ ԱԱԾ-ն:
Ըստ հաղորդագրության՝ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերի։
Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։
«Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների»,- նշված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին:
Վերջին նման հանդիպումը փետրվարի 7-ին էր՝ հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ էին փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Դատերը շարունակվում են: