Քննչական կոմիտեի շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար գողանալու դեպքին ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչությունում հաջորդել են պաշտոնանկություններ, սակայն ոչ գլխավոր պաշտոններից, հայտնել է «Փաստինֆո»-ն։
Կայքի հաղորդմամբ՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ մայիսի 27-ի հրամաններով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության երկրորդ և չորրորդ վարչության պետերը՝ Վահան Ամիրխանյանը և Ռաֆայել Ղամբարյանը։
Մայիսի 21-ին ՔԿ շենքից հափշտակել էին որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար։ Մայիսի 22-ին հափշտակելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, երկու օր անց՝ մայիսի 24-ին, իրավապահները տեղեկացրել էին ձերբակալությունների և գումարի մեծ մասը հայտնաբերելու մասին։ Գործով որպես մեղադրյալ ներգրավված 2 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։