Իրանն ու ԱՄՆ-ն անուղղակի բանակցություններում կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի շուրջ սահմանափակ համաձայնության հասնելու վրա, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Օմանի աղբյուրին։
Աղբյուրի խոսքերով՝ բանակցություններն այժմ կենտրոնանալու են տարածաշրջանային լարվածության թուլացման, բանտարկյալների փոխանակման և Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման սահմանափակ պայմանավորվածությունների վրա՝ նրա միջուկային ծրագրի վերահսկողության դիմաց:
Ինչպես գրել է ТАСС-ը, The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նշել է, որ Օմանում բանակցությունների առաջին փուլի ընթացքում ԱՄՆ պատվիրակության ղեկավար Սթիվեն Ուիթքոֆը չի առաջարկել Իրանին ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը, այլ կենտրոնացել է նրա վրա, որ «առկա նյութը չօգտագործվի զենքի մեջ»։
Ըստ թերթի՝ բանակցությունների առաջին փուլը հաջող է անցել Իրանի համար և թույլ է տվել հասնել առանցքային նպատակներին, որոնք անհրաժեշտ են քննարկումները նոր մակարդակ տեղափոխելու համար։
Ապրիլի 12-ին Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդակցություններն անցել են «կառուցողական մթնոլորտում և հիմնված փոխադարձ հարգանքի վրա»: Ուիթքոֆը ևս բանակցություններն անվանել էր «կառուցողական»: Քննարկումները կշարունակվեն ապրիլի 19-ին։