ՀՀ-ն Օմանի Մասկատ քաղաքում ռեզիդենտ դեսպանություն կբացի երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման նպատակով։
Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության ապրիլի 10-ի նիստի օրակարգում։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «օմանական կողմը դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունքը»։
Որոշման նախագծում նշվում է, որ դեսպանության բացումը հնարավորություն կտա խորացնել քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական կապերի ամրապնդումը և կնպաստի զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը:
ՀՀ իշխանությունները նաև շեշտում են, որ Օմանը հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը։
ՀՀ իշխանությունները դեսպանության բացման համար նախատեսում են ծախսել 133,8 մլն դրամ (346,7 հազար դոլար)։
2024 թվականի հուլիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Օմանի էկոնոմիկայի նախարար Սայիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ քննարկել էր տարածաշրջանային համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։
2022 թվականին նշվել էր Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Թարմացում
Կառավարությունն ապրիլի 10-ի նիստում հավանություն է տվել Օմանում դեսպանություն բացելու նախագծին։