Ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շեմքի դիմաց անհետ կորածների մայրերը բողոքի լուռ ակցիա են իրականացրել՝ իրենց որդիների ազատ արձակմանն ու Բաքվի դեմ ՄԻԵԴ-ից և այլ միջազգային դատարաններից նրանց հայցերը հետ չկանչելու պահանջով։
«Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը նշել է, որ իշխանությունները իրավունք չունեն հայ գերիների և անհետ կորածների հայցերը հետ կանչել ՄԻԵԴ-ից։
«Դա մարդու իրավունքի կոպիտ խախտում է, որովհետև այդ տղաները մեր պետության զինվորներն են եղել, ուստի որևէ մեկը դրա իրավունքը բացառապես չունի։ Ոչ մի գրություն չկա կառավարությանը հանձնելու։ Ծնողների հետ պայմանավորվեցինք լուռ ակցիա իրականացնել։ Այս օրը նրանք պարզապես ուզում էին իրենց տղաներին գրկել, նրանցից ծաղիկներ ստանալ»,- ասել է նա։
Անհետ կորած զինծառայողի մայր Արմինեն իշխանություններին մեղադրել է իրենց որդիներին վերադարձնելու հարցում անգործություն դրսևորելու մեջ և նշել, որ ծնողների ջանքերով է հնարավոր դարձել գերեվարվածների մեջ նույնականացնել իր որդուն։
«Հինգ տարում անգամ չեն կանչել հարցաքննել, թե տղայիս ով տեսավ, ով գլուխը կապեց, այդ տեղեկությունները ես եմ տվել, մենք ենք հավաքել։ Մենք ինքներս ենք իշխանություններին ապացուցել, որ մեր երեխաները գերեվարված են, որ մենք ոչ թե երազանքներով ենք ապրում, այլ ունենք ապացույցներ։ Ես ինքս եմ տեսանյութով տեսել, թե ինչպես են իմ որդուն գերեվարում, իսկ դրանից հետո Քննչական ֆոտոռոբոտ փորձաքննության, սխալ նույնականացման պատճառով ուրիշի անունը կպցրեցին իմ որդու անվան հետ, ուղարկեցին Ադրբեջան։ Այդ տղան եկավ ու ասաց, որ ինքը կապ չունի այդ տեսանյութի հետ, ինքն այլ տեղում է գերի եղել։ Նման վրիպակների պատճառով մենք արդեն 5-րդ տարին չենք լսում մեր որդիների ձայնը»,- ասել է նա։
Արմինեի խոսքով՝ ԱԺ-ում կազմակերպված հանդիպման ժամանակ իշխանության ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել իրենց ոչ մի հարցին։
Ակցիայի մյուս մասնակցի խոսքով՝ Ադրբեջանից ամեն օր նետվող մարտահրավերներին ի պատասխան Հայաստանից որևէ հակադարձում չի հնչում։ Նա նաև դժգոհել է ՀՀ ԶՈՒ-ում զինվորականների մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ պատշաճ միջոցներ չձեռնարկելուց։
«Եթե դուք տեսել եք, թե 6-ամսյա պարապմունքները ինչպես են տեղի ունենում, դա մի կատաստրոֆիկ պարապմունքներ են, թե ինչպես են նրանք պարապում, իսկ մեզ մոտ ինչ է արվում։ 2025 թվականին արդեն 19 զորավարժություն է Ադրբեջանը պլանավորել։ Չեմ ուզում շատ խոսել, ես նախկին զինվորական եմ։ Ես ուզում եմ, որ մեր եղբայրները վերադառնան հայրենիք։ Նույնիսկ մեկ հայ չպետք է մնա Բաքվի բանտում՝ շարքային զինվորից սկսած՝ գեներալով վերջացրած»,- ասաց նա։
Հունվարի 30-ին և մարտի 31-ին խորհրդարանում փակ հանդիպում էր տեղի ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որը տևել էր շուրջ հինգ ժամ։ Այն անցկացնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել, երբ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Ազգային ժողովի ղեկավարության, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Քոչարյանի հետ։ Քոչարյանը նշել էր, որ հանդիպման ընթացքում տրվել են անհետ կորած զինվորների հարազատների հարցերի պատասխանները, սակայն ժամանակը ցույց կտա, թե հարազատները որքանով գոհ կլինեն։
2023 թվականի հոկտեբերի 27-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։