Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պետական միջոցների վատնման գործով դատապարտել է 9 տարվա ազատազրկման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սաակաշվիլին դատապարտվել է «պիջակների» գործով»,- հստակեցրել է «Մթավարի արխի» հեռուստաալիքը:
Խոսքն ավելի քան 3,2 միլիոն դոլարի յուրացման մասին է։ Դատավճիռը կայացրել է դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Գործով անցնում է նաև Պետական պահպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան։ Հեռուստատեսության տվյալներով՝ դատարանը նրա նկատմամբ 300 հազար լարի (մոտ 100 հազար դոլար) տուգանք է նշանակել։
Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ չորս քրեական գործ էր հարուցվել, որոնցից երկուսի համար քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել էին 3 և ևս 6 տարվա ազատազրկման: 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, որից հետո նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին Թբիլիսիի մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։