ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «ապերախտության գագաթնակետ» է անվանել հայամետ քաղաքական գործիչների մուտքը ՀՀ արգելելը։
Հայաստան մուտքի արգելք էր սահմանվել ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, Россия сегодня միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի նկատմամբ:
«Օրինակ՝ Զատուլինի․ դա ապերախտության գագաթնակետն է։ Դրանից հետո դրսի մարդիկ գիտե՞ք ինչ են ասում։ Ասում են՝ հայերից լավ է հեռու մնալ, սրանք, կոպիտ ասած, քցող են։ Լո՛ւրջ եմ ասում։ Ռուսաստանի դումայում ամենից հայամետ, հայկական շահերով ուղղակի ապրող պատգամավորի մուտքն արգելել են Հայաստան։ Սիմոնյանը ձեզ ինչո՞վ էր խանգարում, Ռուսաստանում կայացած անձնավորություն է, կամ Անդրանիկ Միհրանյանը՝ ակադեմիական շրջանակում ճանաչված, հարգանք վայելող մարդ է։ Ի՞նչ վտանգ էր ներկայացնում Միհրանյանը, եթե գար իր ծնողների գերեզմանն այցելելու»,- ասել է նա։
Ըստ Քոչարյանի՝ այս ամենից պետք է հրաժարվել, իսկ մարդիկ, որոնք այդ որոշումները կայացրել են, պետք է պատժվեն։ Նա նշել է, որ սա ազդանշան է, որ սփյուռքը Հայաստանում ցանկալի չէ։ Քոչարյանը հորդորել է Հայաստանի ու սփյուռքի միջև բաժանարար գծեր չդնել։
«Եվ սա այն բաժանման տրամաբանության մեջ է՝ Արարատ-Արագած, հին-նոր, և այսպես շարունակ։ Պետք է հասկանալ, որ Հայաստանն առանց սփյուռքի ու սփյուռքով՝ տարբեր քաշային կատեգորիայում է։ Եթե դու ընդունում ես դա, ապա չպետք է քայլեր անես, որոնցով սփյուռքն օտարում ես Հայաստանից։ Հետո գնում են մի 15-20 մարդ ինչ-որ տեղ հավաքում, մի նկար են ստանում ու ներկայացնում որպես սփյուռք։ Միշտ կա արտասահմանում մի քանի մարդ, որի «մասովկան» դու կարող ես ապահովել»,- ասել է նա։