Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ հաստատումը։
«Սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց, իհարկե, հայերն իրենք և բոլորը պետք է հասկանան, թե որքանով է դա երկուստեք ցանկություն և ինչպես են վերաբերվում եվրոպացիներին»,- Ինտերֆաքսը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ «Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում, և այդ դիվիդենտներն ավելի քան ակնհայտ են»։
Միևնույն ժամանակ, ըստ Պեսկովի, «Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, ԵՄ շահերի հստակ ըմբռնման բացակայության պայմաններում, որոշակի լրացուցիչ դիվիդենտներ կապահովի բուն երկրի և այս երկրի ժողովրդի շահերի համար»:
Հայաստանի խորհրդարանը 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն էր տվել օրինագծին։ 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծին «կողմ» քվեարկելու իր մտադրության մասին` քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելով քննարկման համար: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։ «Պատիվ ունեմ»-ը հունվարի 11-ին հայտարարել էր, որ իր պատգամավորները դեմ են քվեարկելու նախագծին։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ առաջին քննարկումները սկսվել էին, երբ 2024 թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկին: 2024 թվականի հուլիսի 1-ին «Հայկական ժողովրդավարության ֆորումի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ոչ նպատակային էր անվանել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ անդամակցության հայտի հանրաքվեի վերաբերյալ՝ հետևելով «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնող խմբի առաջարկին, որն անցած տարվա հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքել է 60 հազար ստորագրություն։