ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանից կարող է պահանջել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ռազմավարական համագործակցության շրջանակներում, որի ստորագրման մասին այսօր տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ-ն։
«Գլխավորը, որ բխում է այս որոշումից. մենք տարբեր պայմանագրերում օգտագործել ենք նաև «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը, սակայն երբեք չենք ստիպել գործել երրորդ երկրի դեմ։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ինչը նշանակում է, որ դուք պետք է միանաք [Ռուսաստանի դեմ] պատժամիջոցներին։ Ահա թե ինչ են հիմա պահանջում Սերբիայից։ Եվ նրանք նույնը կպահանջեն Հայաստանից»,- ասել է Լավրովը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները միջազգային ասպարեզում իրենց գործողությունների հիմքում դրել են պատժամիջոցների քաղաքականությունը։ Լավրովը մեկնաբանել է նաև ՀՀ կառավարության որոշումը՝ հավանություն տալ ԵՄ-ին անդամակցելու օրինագծին։
«Սրանք (ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն-խմբ․) երկու տարբեր համակարգեր են, տարբեր ազատ առևտրի գոտիներ։ Բայց սա Երևանի ինքնիշխան իրավունքն է, սակայն բոլոր դրական ու բացասական կողմերը կշռելը նույնպես Հայաստանի կառավարության պարտականությունն է»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Միրզոյանը հունվարի 14-15-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։
2024 թվականի հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության վերածելու ծրագրերի մասին։ Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մեկնարկել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
ՀՀ-Իրան հարաբերություններում խնդիր առաջացնելու համար․ Փաշինյանը՝ Երևանում ադրբեջաներեն երգ երգողների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում Իրանի քաղաքացիների կողմից ադրբեջաներեն երգ երգողների հետ կապված միջադեպը նպատակ ունի վատթարացնել...