Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հայտնում է Մայր Աթոռի լրատվության բաժինը։
Նշվում է, որ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի։
«ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները։ Անթույլատրելի է այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում։ Խիստ տարակուսելի է նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը՝ հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի»,- ասված է հայտարարությունում։
Արձանագրվել է, որ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում է առկա կասկածները։
Ժողովականները մտահոգություն են հայտնել նաև հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները՝ մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով աղճատվել և ձևախեղվել է Հայոց պատմության բովանդակությունը։
«Վերահաստատելով իր դիրքորոշումը՝ խորհուրդը եզրահանգել է, որ օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակազգային հոսանքների և գաղափարների ազդեցությունից»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից որդեգրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության թիրախավորման ու յուրացման քաղաքականությանը, պատմամշակութային արժեքների, պատմական սրբատեղիների ու շիրիմների պղծման ու ոչնչացման դեպքերին։
Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի հետևողական ջանքերը միջազգային հանրությանն իրազեկելու Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։
Տեղեկացվել է նաև, որ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում անցնող ամիսներին Եկեղեցին կեցության պայմաններով ապահովել և նյութական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված բազում արցախահայերի, մասնավորաբար՝ ուշադրության կենտրոնում են եղել զոհվածների և չորս ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:
Ժողովականներն այցելել են Մայր Տաճար և ծանոթացել հիմնանորոգման ընթացքին, որոնք ավարտական փուլում են։ Որոշվել է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի և Վարագա Ս. Խաչի տոներին։
Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման համակարգի պահպանմամբ: Դրա ընդունման անհրաժեշտությունը կառավարության ղեկավարը պայմանավորել էր աշխարհում, տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով։
Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ եկեղեցին պիտի վերադարձնեն ժողովրդին, ինչպես պետությունն ու իշխանությունն են վերադարձրել։...