Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը, հայտարարել էր Հանրային հեռարձակողի խորհուրդը։
Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին, ասված է հայտարարության մեջ։
«Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։ Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է»,- հայտնել է Հանրային հեռարձակողների խորհուրդը։
Պարզաբանվում է, որ Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռը հայտարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը Վեհափառ Հայրապետի ուղերձը չի հեռարձակի։ Այս պատճառով Մայր Աթոռի մատենադարանը դադարեցրել էր համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։