Հայաստան ժամանած ռուսները հիմնականում երկարաժամկետ վարձակալությամբ են բնակարան վերցնում։ Այս մասին Ria.ru-ին ասել է անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:
Նշվել է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին Հայաստանում ռուս և ուկրաինացի քաղաքացիների ներհոսք է նկատվում։
Արտյոմ Պրիբիլսկին նշել է, որ բնակարանների վարձակալության շուկայում իրավիճակը կայունացել է, հետագա իրավիճակը կախված է միջազգային իրադրությունից:
«Սկզբնական շրջանում գները սպեկուլյատիվ էին, հետո, իհարկե, ամեն ինչ հարթվեց։ Հիմա գները զուտ շուկայական են։ Այնպես որ, շահարկումների մասին խոսել չեմ կարող։ Իհարկե կարող են առանձին դեպքերում բնակարանների վարձակալության գներն ուռճացվել, բայց դրանք շուկայի մասին անտեղյակ լինելու մասին են վկայում»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ գների աճը չի գերազանցում 15-20%-ը։