Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում սպասվող ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ռուսաստանյան իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կողմերը պայմանավորվածություն ձեռք կբերեն, ըստ որի մայիսյան տոներից հետո Ալմա-Աթայում ՀՀ-ն ու Ադրբեջանը փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ:
Ինչպես նշել է թերթը, Ղազախստանը պատահական չի ընտրվել որպես ստորագրման վայր, քանի որ հենց Ալմա-Աթայի հռչակագիրն է դրված հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում:
Կառավարությունից Armenia Today-ին հերքեցին եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը։ Ըստ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ նման հանդիպում նախատեսված չէ։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
ՀՀ վարչապետը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։