Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին մարտի 23-ին դատարանի որոշմամբ կալանավորել են, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պաշտպանելու Իմամօղլուին։ Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործչի վերաբերյալ այս և մյուս հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար։
Մարտի 22-ին գիշերը թուրք ոստիկանները ձերբակալել էին 343 ցուցարարի։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով՝ Թուրքիայում խորացող ներքաղաքական ճգնաժամը կարող է զգալիորեն թուլացնել Ադրբեջանին և Հայաստանի համար «հնարավորությունների պատուհան» ստեղծել։
Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2019 թվականից։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը։