Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ տեղի կունենան, որոշումը կառավարությունն ընդունել է հունիսի 26-ի նիստում։
ՀՀ պաշտպանության նախարարության նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:
Նախորդ վարժական հավաքները մեկնարկել էին հունիսի 3-ին և ընթանալու են մինչև օգոստոսի 22-ը:
Կառավարությունը 2024-ի նոյեմբերին ընդունել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։
2025-ի ապրիլին կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որով վարժական հավաքներից խուսափելը կպատժվի ոչ թե առավելագույնը 2, այլ մինչև 3 տարի ժամկետով, իսկ տուգանքը կարող է տատանվել նվազագույն աշխատավարձի (75 հազար դրամ) տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։