Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցրել է, որ իր որդին կծառայի բանակում։ Այս մասին նա ասել է Armlur.am-ին։
«Ունեմ որդի, հիմա սովորում է Տնտեսագիտական համալսարանում, սեպտեմբերի 1-ից կընդգրկվի «Պատիվ ունեմ» ծրագրով դասընթացների մեջ Ռազմական ակադեմիայում և զինծառայությունը զինված ուժերում կշարունակի որպես սպա»,- հստակեցրել է Ասրյանը։
Նա հավելել է, որ երբեք գումարի դիմաց որդուն բանակից չի ազատի։
Պատասխանելով հարցին, թե արդյոք արդա՞ր է, որ իր որդին գնա ծառայության, մինչ մյուսները փորձում են մտածել, թե ի՞նչ գնացուցակով խուսափեն ծառայությունից, Ասրյանը նշել է, որ «բոլորն էլ կծառայեն»։
«Սա ընթացիկ հարց է, առաջիկա հանձնաժողովի աշխատանքում կքննարկվի»,- հավելել է բարձրաստիճան զինվորականը:
«Հրապարակ» օրաթերթը հունիսի 5-ին գրել էր, որ Գլխավոր շտաբը բացասական կարծիք է հայտնել գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու մասին նախագծին:
Մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։