Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց և ռիսկային է համարել գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը, որով առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով` զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ 1 ամիս ժամկետով։
ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ վերջին օրերին նախագծի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել քաղաքացիներից։ ՄԻՊ-ը մատնանշել է խտրականության ռիսկի մասին։
«Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել` անձանց գույքային դրությամբ պայմանավորված` փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։ Առաջարկվող կարգավորմամբ, ստացվում է, որ որոշակի խումբ զինծառայողների նկատմամբ գումարի դիմաց դրսևորվում է ավելի բարենպաստ վերաբերմունք (ծառայության ժամկետը կրճատվում է), քան մյուս զինծառայողների, ովքեր գումարը չեն վճարել: Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման»,- շեշտել է նա։
ՄԻՊ-ն ընգծել է, որ սոցիալապես ապահովված զինծառայողներին հնարավորություն է տրվելու ծառայություն անցնել ավելի կարճ ժամկետով, իսկ այն զինծառայողները, ովքեր սահմանված չափի գումար չունեն՝ ծառայելու են ավելի երկար ժամկետով:
«Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող ընդունելի համարվել: Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից: Ավելին, անթույլատրելի է անձանց որոշակի արտոնություններ տրամադրելը պայմանավորել միայն գույքային դրությամբ՝ կոնկրետ դեպքում 18 կամ 24 միլիոն դրամ վճարելու հնարավորություն ունենալու հանգամանք։ Նախագծով առաջարկվող կարգավորումները ռիսկեր են պարունակում նաև բանակում ամուր կարգապահության ապահովման տեսանկյունից»,- հավելել է նա։
Եզրափակելով՝ ՄԻՊ-ն առաջարկել է նախագծային առաջարկվող կարգավորումների շուրջ իրականացնել առավել լայն հանրային քննարկումներ և ընդգծել, որ բոլոր մտահոգություններն առավել մանրամասն կհասցեագրի իրավասու պետական մարմիններին։
Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։