ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն իրավիճակի մասին՝ չնայած սահմանային լարվածության մասին Ադրբեջանի ՊՆ-ի շարունակաբար տարածվող տեղեկություններին։
«Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին, ընդհանուր առմամբ՝ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն»,- ասել է նախարարն ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Ադրբեջանը մարտի 16-ից հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Գերատեսչությունը հերքումներով էր հանդես եկել նաև մարտի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին։
Պատրաստակամություն հայտնելով հետաքննել Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հաստատող փաստերը՝ ՀՀ ՊՆ-ն ընդգծել էր, որ այս պահի դրությամբ՝ Բաքուն Երևանին չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման որևէ փաստական տվյալ կամ ապացույց:
Մարտի 17-ի առավոտյան ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։