Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ, ինչի հետևանքով գեներալը հունվարի 4-ին ձերբակալվել էր 1,5 ամսով, գրել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել նաև ՊՆ նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ։
53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուլթանլիի և Արաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար: Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում:
Մինչ այդ Խաչատրյանին կալանավորել էին նաև 2024 թվականի հունվարի 15-ին՝ Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին մասնակցելու կասկածանքով։ Դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցվել Քրեական օրենսգրքի խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Մարտի 4-ին դատարանը Խաչատրյանի կալանքը փոխարինել էր երկրից չհեռանալու մասին արգելքով։ Նրա նկատմամբ կիրառվել էր 5 մլն դրամ գրավ։
Խաչատրյանը պաշտոնանկ էր արվել 2020 թվականի հունիսի 15-ին։ 2021 թվականի մարտի 24-ին պաշտոնը վերականգնելու պահանջով նա հայց էր ներկայացրել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի դեմ։ Վարչական դատարանը, սակայն, մերժել էր հայցը։