Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, Armenia Today-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա չի նշել, թե կոնկրետ ինչ հիվանդությունից է զինծառայողը մահացել։
«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,- ասել է Թորոսյանը:
2024 թվականի փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թվի մեջ ինքնասպանություններից, սպանություններից բացի առանձնացրել էր ՃՏՊ-ների, հիվանդության հետևանքով դեպքերը: Նա նշել էր, որ բանակը հասարակության մի մասն է և հանդիսանում է նրա հայելին, սովորական կյանքում սպանության ու ինքնասպանության դեպքերն իրենց արտացոլումն են ունենում բանակի վրա: Պապիկյանն ընդունել էր, որ ոչ մարտական պայմաններում մահերն ամենացավալի խնդիրն են, ՊՆ-ն պետք է լուծի այս հարցը: