ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան, հայտնել է ՊՆ լրատվական ծառայությունը։
«Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են»,- հավելել են ՊՆ-ից։
Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է լուրը, թե ճաշարանը հրդեհն անխուսափելի էր, քանի որ այն հին էր։
«Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր, չի համապատասխանում իրականությանը։ Ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- գրել է ՊՆ խոսնակը։
Փետրվարի 19-ին՝ ավելի վաղ, ArmLur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Գեղարքունիքում գտնվող զորամասերից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել։ ԶԼՄ-ն գրել էր, որ «ճաշարանը հին էր, և դեպքից խուսափել հնարավոր չէր»։