Մենք երբևիցե ժանգոտած զենք չենք գնել, չենք ունեցել սպառազինություն, որը անպիտան կլիներ մարտի դաշտում, «Եռաբլուր»-ում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արարատ լեռան մասին խոսույթով բանակին մոտենալիս մեզ հազիվ ժանգոտած, ժամկետանց, ոչ պիտանի զենքեր վաճառեին:
«Մենք ընդհակառակը, տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք սպառազինություն, ռազմական տեխնիկա, կարողացել ենք այն ձեռք բերել և՛ ՀԱՊԿ-ի ցածր գներով, և՛ նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ բավականին մեծ քանակությամբ և բավականին նաև առաջատար սպառազինության միջոցներ»,- ասել է Օհանյանը։
Օհանյանը հորդորել է Փաշինյանին պատասխան տալ, թե սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ ուներ հայկական բանակը, ու՞ր է հիմա։
«Ինչո՞ւ չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, օգտագործելով մեր պետության ամբողջ ներուժը և նաև կառավարման համակարգում գործող բոլոր օրգաններին, որպեսզի ճիշտ գնահատի ռազմաքաղաքական իրավիճակը»,- շեշտեց Օհանյանը։
Պատգամավորի խոսքով՝ ներկայիս իշխանությունները պետք է պատասխան տան հանրության մեջ միասնականության վերացման համար։
«Իր (Փաշինյան) կառավարման ընթացքում այն միասնականությունը, որը որ գոյություն ուներ, որն արտահայտվել էր բոլոր մարտական գործողությունների ժամանակ, պարզապես քայքայվեց, դրա համար ինքը թող պատասխան տա»,- ասաց նա:
Հունվարի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Արարատ և Արագած լեռների մասին դիսկուրսը շատ էական է Հայաստանի բանակի բարեփոխման համար։ 2023թ․ Փաշինյանը հայտարարել էր՝ «խոսելով Արագածի և Արարատի մասին, խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին, քանի որ Արագած լեռը ՀՀ-ում է, Արարատը՝ ՀՀ տարածքում չէ»։