ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր:
«Հայկական պատվիրակությանն են հանձնվել հայկական ստորաբաժանումների նախորդ շրջափուլի գնահատման արդյունքում փոխգործակցելիությունը հաստատող հավաստագրերը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այցի ընթացքում Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։
Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել էր ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը, զարգացման հնարավորությունները։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին «Հետք»-ին հաստատել էր տեղեկությունը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Հուլիսի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն Armenia Today-ին մեկնաբանել էր որոշումը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Դեսպանատնից տեղեկացրել էին, որ քաղաքացիական խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։