Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորամասի և գումարտակի հրամանատարները հրաժարվել են մեկնել առաջնագիծ և ղեկավարել 860 հոգանոց անձնակազմը, դեպքի առնչությամբ հարուցված երկու վարույթներով նախաքննությունն ավարտվել է, Հանրային հեռուստատեսությանը հայտնել է Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը
«Զորամասի անձնակազմը դեռևս հոկտեմբերի 7-ին և հոկտեմբերի 8-ին ստացել է մարտական գործողությունների կատարման վայր մեկնելու և խնդիր կատարելու կարգադրություն»,- ասել է Վարդանյանը։
Մյուս քրվարույթը վերաբերում է նույն զորամասի առաջին հրաձգային գումարտակի հրամանատարին, որը հոկտեմբերի 7-ից Մեխակավանի հարակից տարածքում մարտական խնդիր կատարող մեկ ստորաբաժանում է ղեկավարել։
«Հոկտեմբերի 14-ին գումարտակի հրամանատարը հանգստի և սնվելու նպատակով վերադարձել է հրամանատարական կետ, որը գտնվել է Այգեհովիտում։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, գումարտակի հրամանատարն իր վերադասից առաջնագիծ մեկնելու կարգադրություն է ստացել»,- ասել է Վարդանյանը՝ շեշտելով, որ գումարտակի հրամանատարը ևս հրաժարվել է վերադառնալ առաջնագիծ։
Նա հայտնել է, որ իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ։ Բարձրաստիճան երկու սպաները մեղադրվում են զինվորական ծառայության պարտականությունները հրաժարվելու մեջ։ Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ միայն գումարտակի հրամանատարն է ընդունել մեղքը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալու արգելքը։ Գործն ուղարկվել է դատարան։