Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացնելու համար, ասել է ՀԱՊԿ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրանք հաստատել են, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկություն են ստացել 2023 թվականին հանրապետության տարածքում զորավարժությունների անցկացման ոչ նպատակահարմար լինելու մասին։
Շչեգրիկովիչը հավելել է, որ կազմակերպությունը կհայտարարի ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների նոր վայրի մասին փետրվարին նախատեսված ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում 2023 թվականին ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել հանրապետությունում։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների մասին լուրերը։ Նրա խոսքով՝ այս որոշման մասին Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է կազմակերպությանը։
Հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը։