Վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը տեղեկություն չունի այսօր ՀՀ-ին հանձնվող դիերի մասին: Այս մասին նա հայտնեց Armenia Today-ի թղթակցին:
Ավելի վաղ ԶԼՄ-ում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանն այսօր կհանձնի հայ զինծառայողների ևս 95 դի։
Ըստ հրապարակումնրերի՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի մասնակցությամբ, իսկ բանակցային խումբը գլխավորում է 102-րդ ռազմաբազայի հրամանատարը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: