Դանիել Բեկ-Փիրումյանը ծնվել է 1861-ին Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Պապի մասին Մեծ գիրք գրած զորավարի թոռը Յուրի Փիրումյանը, կարծում է, որ իրականում Դանիել Փիրումյանը կարող էր ծնվել նաև շուտ։ Ամեն դեպքում Բեկ-Փիրումյանը ծնունդով Ղարաբաղից է, իսկ այդ հողը միշտ անվախ մարտիկներ է ծնել։
Ավարտելով Շուշիի քաղաքային ուսումնարանը, նա որոշել է նվիրվել զինվորական ծառայությանը և սկսել է 1881-ից՝ Երևանյան գնդում։ 1881-83 թթ. սովորել է Թիֆլիսի հետևակային ուսումնարանում։ 1-ին աշխարհամարտի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, աչքի ընկել քաջությամբ, ստացել գնդապետի կոչում, պարգևատրվել շքանշաններով ու անվանական զենքով։
Նա ծառայել է հավատով ու ճշմարտությամբ, անցել են տարիներ, պատերազմներ ու հեղափոխություններ, որոնք փոխել են աշխարհը, և 1918 թվականին Դանիել Բեկ-Փիրումյանը ռուսականից տեղափոխվել է Առաջին Հանրապետություն Հայոց բանակը։ Նրան գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ նշանակել են, նախ՝ Երևանի կայազորի հրամանատարի տեղակալ, ապա՝ Սուրմալուի ռազմական տեղամասի հրամանատար։ Նույն թվականին գեներալ-լեյտենանտ Նազարբեկովը Բեկ-Փիրումյանին ներկայացրել է գեներալ-մայորի կոչմանը։
1918-ի մայիսին թուրքական առաջապահ ջոկատները հասել էին արդեն Սարդարապատ կայարան՝ ընդհուպ մոտենալով Էջմիածնին: Հայության համար այդ օրհասական պահին վճռական դեր են խաղացել Դանիել Բեկ-Փիրումյանի ռազմաճակատային փորձը և կամային հատկանիշները:
1918 թ մայիսի 26-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին որպես ընդհանուր հրամանատար։ Վճռական պահին մարտի հետագա ղեկավարությունը հանձնել է Ալեքսանդր Շնեուրին և նետվել կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն, իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու ետ է շպրտել թուրք զավթիչներին։ Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար։
«…Շղթաները (հայ զինվորների) ոտքի ելան և «ուռա» գոռալով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետև նրանց թիկունքն անցած ջոկատը կրակ էր բացել պաշարակիր սայլերի և թիկունքի վրա։ Քիչ անց թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով ամբողջ ռազմամթերքը, վիրավորներին ու սպանվածներին… Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»,- գրում է Ալեքսանդր Շնեուրը:
58-ամյա Դանիել Բեկ-Փիրումյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության օրոք նա առաջիններից էր, ով պաշտոնապես ստացավ այդ կոչումը:
Անկախության տարիներին Դանիել Բեկ-Փիրումյանը տարբեր ռազմական պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ռազմական գերատեսչությունում: 1919-ի վերջին նա ստանում է գեներալ-լեյտենենտի կոչում և նշանակվում Կարսի պարետ: Ցավոք, ավտովթարի պատճառով նա կոտրում է ոտքը, իսկ 1920-ի հոկտեմբերին թուրքերի կողմից Կարսի գրավման ժամանակ գերի ընկնում: 1921-ի հունվարին նրան տեղափոխում են Ալեքսանդրապոլ, ապա հանձնում ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին:
Օկուպացված Հայաստանում մոլեգնում էր բոլշևիկյան տեռորը, և թուրքական գերությունից ազատվելուց անմիջապես հետո Սարդարապատի պանծալի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը հայ բարձրաստիճան այլ սպաների հետ գնդակահարվում է բոլշևիկների կողմից Ղարաքիալիսա-Դիլիջան ճանապարհին: Հայտնի է, որ գեներալի դին հնարավոր է լինում գաղտնի տեղափոխել Էջմիածին և թաղել Սուրբ Գայանեի վանքին կից գերեզմանատանը: Նույն 1921-ին, չդիմանալով այլևս բոլշևիկյան արհավիրքին, Երևանում ինքնասպան եղավ նաև Սարդարապատի մեկ այլ հերոսը՝ Պողոս Բեկ-Փիրումյանը:
Պետք է ասել, որ Դանիել-Բեկի մահվան պատճառների և մահվան տաեթվի մի քանի վարկածներ կան: Ինչ-որ մեկը պնդում է, որ նրան 1921-ին գնդակահարել են բոլշևիկները, ինչ-որ մեկը, որ կենդանի է տեսել գեներալին նույնիսկ 1930-ին։ Ամեն դեպքում, նրա վերջին հանգրվանը կհամարենք 1922թ-ը … ։
Նրա գերեզմանաքարին գրված է՝ «Դանիել Բեկ-Փիրումյան, Սարդարապատի մարտերի զորավար, Հայրենիքի հերոս»։