Թուրքիայի Թունջելի նահանգի իշխանություններն արգելել են Համշենի հայկական ժառանգությունն ուսումնասիրող և տարածող «Վերադարձ» ժողովրդական անսամբլի ելույթը Մունզուրի 23-րդ մշակույթի և բնության փառատոնում, հայտնում է Ստամբուլի «Ակոս» թերթը։
Որպես պատճառ նշվում է այն, որ 2019 թվականին խումբը մասնակցել է 19-րդ փառատոնին և ելույթի ժամանակ բարձրացրել է հայկական դրոշը, ինչը, կազմակերպիչների խոսքով, հակասում էր միջոցառման նպատակներին։
Հայկական խմբից բացի, երկու այլ ոչ հայկական երաժշտական խմբեր զրկվել են մասնակցությունից՝ «ահաբեկչության քարոզչության» մեղադրանքով։ Երաժիշտներին այս մասին տեղեկացրել են վերջին պահին։
Քուրդ երաժիշտ Միքայել Արլանը դատապարտել է արգելքը և նշել, որ խմբերն ստիպված էին վերադառնալ Վան: Նրա խոսքով՝ իշխանությունները կրկին խոչընդոտում են մշակույթների և ժողովուրդների երկխոսությունը:
«Սակայն մենք կշարունակենք բարեկամության կամուրջներ կառուցել մեր հին հարևանների՝ հայ ժողովրդի հետ, որը մեկ դարից ավելի առաջ արմատախիլ է արվել: Ո՛չ ճնշումը, ո՛չ էլ արգելքները չեն խանգարի բարեկամության և վստահության կամուրջների ստեղծմանը»,- ասել է Արլանը։
2023 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովն (USCIRF) Անկարային մեղադրել էր Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգելու մեջ և հայտարարել, որ երկրում քրիստոնյաների կրոնական ազատությունը սահմանափակվում է։ Հանձնաժողովը 2003-2022 թթ․ հայերի նկատմամբ հարձակման 34 դեպք էր բացահայտել, որոնցից 29-ը տեղի էին ունեցել Ստամբուլում։
2024 թվականի օգոստոսին գողացել էին Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայ կաթոլիկ եկեղեցուց խաչը։ 2025 թվականի հունվարին Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի Դադյան հայկական դպրոցի նախկին շենքը զինված հարձակման էր ենթարկվել։