Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին ուղղված շնորհավորական ուղերձում կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը:
Նա Սվիրիդենկոյին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել «բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ուկրաինայի միջև ապահովել համագործակցության ներուժի իրացում՝ կարևորելով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը»,- ասվում է Փաշինյանի ուղերձում։
Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի հետևողական աշխատանքը կարող է ապահովել փոխշահավետ համագործակցության որակապես նոր մակարդակ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հարաբերությունների զարգացման և հեռանկարային ծրագրերի կյանքի կոչման համար։