Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնել է նրա պաշտպանների թիմը։ Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու:
Ըստ պաշտպանական թիմի՝ մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:
Ստանալով քրեական գործը՝ դատավորը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին: Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակելու է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնելու մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չէ` այն կիրառելու հարցը:
Իրավապահ մարմինները հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Սրբազանը չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝