Բելգիայի Դաշնային խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի վրա, հաղորդում է Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD):
Բանաձևն ընդունվել է միաձայն: Փաստաթղթում շեշտվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների անօրինական կալանավորումը Բաքվում և նրանց դեմ «անհասկանալի» դատավարությունները: Բելգիացի խորհրդարանականները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և ապահովել նրանց արդար դատավարությունը:
Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի և նրա հայ բնակչության դեմ հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին: Պատգամավորները Եվրամիությանը կոչ են արել թիրախային պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները խախտողների նկատմամբ, ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում և վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, եթե Բաքուն իրական պատրաստակամություն չցուցաբերի խաղաղության հասնելու համար:
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքներն ու հռետորաբանությունը՝ «Արևմտյան Ադրբեջանի» պատմության համատեքստում, որը վերաբերում է Հայաստանի տարածքներին: Ներկայացուցիչների պալատը պահանջել է, որ Բաքուն ապահովի Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է արել թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել օկուպացված տարածք՝ պատճառված վնասը գնահատելու համար:
Պատգամավորները նաև ընդգծել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման հրատապությունը: Խորհրդարանը Բելգիայի կառավարությանը կոչ է արել աջակցել ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննությանը, ընդլայնել իր հյուպատոսական ներկայությունը Հայաստանում և խորացնել մարդասիրական և ռազմական համագործակցությունը պաշտոնական Երևանի հետ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն սկսել էր ռազմական գործողություն Արցախի դեմ, որն ավարտվել էր սեպտեմբերի 20-ին Արցախի լիակատար օկուպացմամբ և հայերի զանգվածային արտագաղթով։ Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, վիրավորվել ավելի քան 300-ը, 42-ն անհետ կորել։ Հայաստանում ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։