Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գրասենյակում հուլիսի 15-ին տեղի է ունեցել փակ հանդիպում՝ դեպի Ռուսաստան հայկական ծաղիկներ արտահանողների հետ, ովքեր հուլիսի 9-ից ակցիաներ են իրականացնում՝ պետական կառույցներից պահանջելով լուծում տալ ՌԴ-ի կողմից կիրառած արտահանման արգելքին։
Ակցիա իրականացնող տնտեսվարողներին ընդունել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Զվարթնոց համայնքի բնակիչ, ծաղկի արտահանմամբ զբաղվող Արտակ Թովմասյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ իրենց ոչ բոլոր հարցերն են բավարար պատասխաններ ստացել։
Նա ընդգծել է, որ մինչ պետական մարմինը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, ծաղիկներ արտահանողներն ամեն օր վնասներ են կրում։
«Օրինակ՝ չի գոհացրել արձագանքը՝ կապված գյուղացիների ջերմոցների հետ։ Գյուղացիները խնդիր ունեն՝ չեն կարողանում ապացուցել, որ ջերմոցն իրենցն է, ինչի հետևանքով չեն կարողանում ծաղիկ արտահանել, ինչպես նաև վարձակալության տալ ջերմոցը։ Բացի այդ, ջերմոցների չափանիշներն ստուգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց ՍԱՏՄ-ն չի կարող կարճ ժամանակում բոլորին ստուգել, իսկ զուգահեռ՝ մարդիկ ծաղիկ են թափում»,- նշել է նա։
Տնտեսվարողը հավելել է, որ ծաղիկները ֆիտոսանիտարական ստուգումներ են անցնելու, սակայն, նրա խոսքով, այնպիսի չափանիշներ են սահմանված, որ արդյունքը բացասական է լինելու։ Նա նշել է, որ խնդիրը քաղաքական բնույթ ունի, քանի որ ՌԴ-ն, իր խոսքով, համատարած արգելք է սահմանել Հայաստանից ՌԴ ծաղիկ արտահանողների համար։
ՍԱՏՄ ղեկավարն ավելի ուշ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է, որ արգելքը քաղաքական որևէ բաղադրիչ չունի։ Նա Ռուսաստանի դիրքորոշման երկու պատճառ է նշել՝ ծաղկի վատ որակ և արտահանում՝ անհայտ ծագման ընկերությունների միջոցով։
«Ծաղկի մեր հիմնական շուկան ՌԴ-ն է, բայց բոլոր երկրների դեպքում գործում են նույն ստանդարտները։ Մեր արտադրողների արտադրանքի մեջ կա վնասատուների, հիվանդությունների խնդիր, և մենք նրանց բացատրել ենք, որ այսուհետ բուսասանիտարական հավաստագրերը տրվելու են ստուգումներ անցնելուց հետո, միայն այդ խնդիրների բացակայության դեպքում։ Սա նորմալ պահանջ ու պայման է»,- ընդգծել է ղեկավարը։
Նա մանրամասնել է, որ տարիներ շարունակ հայ արտադրողներն անհայտ ծագման ընկերությունների միջոցով ծաղիկ են արտահանել ՌԴ, ինչը հանդիպմանը չեն հերքել։ Պետրոսյանն ընդգծել է, որ այդ ընկերությունների թվում նաև նավթ վերամշակող կազմակերպություն են գտել, որը որևէ առնչություն չի ունեցել ծաղիկների արտադրության հետ։
«Բայց եկավ մի օր, երբ ընդունող երկիրը հայտարարեց՝ բավական է»,- ասել է Պետրոսյանը՝ շեշտելով, որ խոսքը 78 ընկերության մասին է, որոնց ֆիտոսանիտարական հավաստագիր չի տրամադրվել։
Պետրոսյանը հավելել է՝ եթե արտադրողը ՌԴ շուկային ոչ համապատասխան արտադրանք է տալիս, ոչ ոք մեղավոր չէ, այդ թվում՝ ընդունող երկիրը։
«Ոչ ոք չի կարող գնալ ու ՌԴ շուկային ստիպել, ասել, ոչ՝ դու պետք է «բռակ» կամ հիվանդ արտադրանք ընդունես։ Մեծ հաշվով՝ սխեման հետևյալն է․ հայկական կողմն ապրանք է արտադրում, վաճառում ռուսական կողմի որևէ կազմակերպության։ Մենք չենք կարող վերահսկել՝ այն արդյոք գործո՞ւմ է, նա՞վթ է վերամշակում, թե՞, ենթադրենք, ծիրանի վաճառքով է զբաղվում։ Եվ երբ ՌԴ-ում 180 օր հետո ներմուծված ապրանքի վճարները փոխանցելու ժամանակն է գալիս, ոչ ոք դա չի անում, ինչը մտահոգել է ռուսական կողմին»,- հստակեցրել է ղեկավարը՝ չբացառելով, որ ռուսական կողմը կարող է նաև իրավական գործընթաց սկսել։
Որպես լուծում՝ ՍԱՏՄ ղեկավարը տնտեսվարողներին առաջարկել է հետևողական լինել ջերմոցների նկատմամբ, իրենց արտադրանքի հետ կապված բուժումներ սկսել։ Միևնույն ժամանակ՝ նա տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՍԱՏՄ մարզային կենտրոնների բուսասանիտարները տեղական ջերմոցներում աուդիտ են սկսելու։
«Որտեղ կլինեն խնդիրներ, իրենց ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չի տրվի։ Ում մոտ խնդիր չի լինի, մենք ամենօրյա ռեժիմով ռուսական կողմին նամակ ենք ուղղելու և խնդրելու ենք հնարավոր չափով թույլատրել արտահանում իրականացնել»,- եզրափակել է Պետրոսյանը։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ «Ռոսսելխոզնադզոր»-ը նամակ էր ուղղել Հայաստանի վերահսկող մարմիններին՝ հորդորելով ուժեղացնել վերահսկողությունն ու ձեռնարկել համապատասխան միջոցներ, հակառակ դեպքում՝ հունիսի 16-ից կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել Հայաստանից ՌԴ ծաղկի մատակարարումների վրա։
Հուլիսի 9-ին ծաղկեգործները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ՝ բարձրաձայնելով արտահանման խնդիրների մասին։ Նրանք հայտարարել էին, որ վարչապետի աշխատակազմին դիմում են ներկայացրել, որի նպատակն է պարզել, թե որտեղի՞ց են արտահանման խնդիրներ առաջացել։ Հուլիսի 11-ին ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ առաջիկայում աշխատանքային այցով ՀՀ կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Հուլիսի 14-ին տնտեսվարողներն ակցիայով կրկին բարձրաձայնել էին խնդրի մասին։
Աննա Բադալյան