Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հուլիսի 14-ին ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ գործադիրից պահանջելով լուծում տալ իրենց սոցիալական խնդիրներին ու այդպիսով կանխել Արցախից բռնի տեղահանվածների արտագաղթը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանն ակցիայի սկզբում տեղեկացրեց, որ որոշում են կայացրել Ազատության հրապարակում հուլիսի 12-ին մեկնարկած նստացույցը շարունակել կառավարության դիմաց։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Սասուն Դավթյանը հայտարարեց, որ արցախցիների սոցիալական ծրագրերի շուրջ խորհրդի անդամների և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի բանակցությունները փակուղում են։
«Մեր ներկայացրած 12 պահանջից 11-ն ընդհանրապես փոփոխության չի ենթարկվել, 2 ամսով երկարաձգվել է բնակվարձի ծրագիրը և մի շարք բնակավայրերում վերանայվել է բնակարանների ձեռքբերման համար հատկացվող գումարը (3 մլն դրամից դարձել է 4 մլն-AT): Մենք պահանջում ենք, որ փոխվարչապետն իջնի ներքև, ու հանրության առաջ պատասխանի մեր հայրենակիցներին հուզող հարցերին»,- ընդգծեց նա։
Դավթյանն ընթերցեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմած շտապ պահանջագիրը՝ ուղղված կառավարությանը։ Խորհուրդը հայտարարել է, որ պահանջագիրը կազմել են՝ հաշվի առնելով գործադիրի սահմանափակ քայլերը՝ քննարկումների ու լուծումների ուղղությամբ։ Պահանջագրում խորհուրդն ընդգծել է արցախցիների շրջանում առկա աղքատության մասին՝ կարևորելով հրատապ միջոցների կիրառումը։
«Պահանջում ենք անվերապահ կերպով վերականագնել բնակվարձի աջակցության ծրագիրը բռնի տեղահանված այն բոլոր արցախցիների համար, ովքեր Հայաստանում բնակարան չունեն։ Պահանջում ենք բնակարանային ապահովման գործող ծրագրում ավելացնել դրույթներ զոհվածների և խոցելի համարվող այլ ընտանիքների համար, շահառուների համար էականորեն ավելացնել տուն կառուցելու աջակցության չափը»,- ընթերցել է Դավթյանը՝ ընդգծելով նաև արցախցիների իվերաբերյալ մարտի 29-ի պահանջներին ուշադրություն դարձնելու կարևորության մասին։
Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Սիմոնյանը արցախցիներին առաջարկեց 3-4 անձից բաղկացած խումբ կազմել՝ փոխվարչապետի գրասենյակում հանդիպելու համար։ Նա շեշտեց, որ փողոցում քննարկում իրականացնել հնարավոր չէ։ Թեպետ հավաքվածների թվում կկառավարություն բարձրանալու և այդ ձևաչափով քննարկում իրականացնելու ձևաչափի շուրջ առարկություններ կային, խորհուրդը կոլեգիալ որոշում կայացրեց և ընդունեց առաջարկը։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հանդիպումն անարդյունավետ է լինելու։
Կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը հայտարարեց, որ «այս փուլում խորհուրդը փողոցային պայքարի փուլը՝ նստացույցը դադարեցնում է, Արցախի ներկայացուցչության շենքից դուրս են գալիս և այլ ֆորմատով կաշխատեն»։
«Հայտարարեցինք համահայկական օրակարգ, ընդունում ենք՝ խորհուրդը որոշակի բացթողումներ և թերություններ ունեցել։ Այս պահին Արցախի ներկայացուցչության շենքից խորհուրդը դուրս է գալիս, կվերաձևակերպվենք, քաղաքական կուսակցությունների հետ գործընկերության մասով համագործակցությունը կվերանայենք։ Այստեղ պետք է կանգնած լինեին Արցախի նախկին և ներկա պաշտոնյաները»,- հավելել է նա։
Ապրեսյանի խոսքով՝ դեռ չգիտեն, թե որտեղ գործունեություն կծավալեն, առաջիկա օրերին որոշում կկայացնեն։
«Չստացվեց, կային մարդիկ, որ միայն տեսախցիկի առջև էին խոսում։ Նպատակահարմար չենք գտնում այս փուլում մեր գործունեությունը շարունակել այս շենքում։ Հանրային աջակցություն՝ չկա։ Կունենանք վերակազմավորում։ Համագործակցության առումով ընդգրկել էինք Արցախի 5 խմբակցության, համայնքի ղեկավարներին և այլն։ Ավելի մանրամասն առաջիկայում կքննարկենք՝ ո՞ւմ հետ ենք համագործակցում, ի՞նչ ձևաչափով։ Խորհուրդը չի լուծարվում»,- եզրափակել է նա։
Հուլիսի 12-ին Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու պահանջով հանրահավաք էր տեղի ունեցել «Ազատության» հրապարակում, որին հետևել էր նստացույցը։
Խորհուրդը հանրահավաքի մասին հայտարարել էր հունիսի վերջին։ Խորհուրդը Հայ Առաքելական եկեղեցուն, Կիլիկիայի կաթողիկոսարանին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, Արցախի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին, քաղաքական ուժերին, արցախյան իշխանություններին և ամբողջ հայ ժողովրդին կոչ էր արել միավորվել արցախյան գաղափարի շուրջ և հարցը դարձնել համահայկական օրակարգ։ Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել արցախցիների հանրահավաքից հետո նախատեսված երթի և նստացույցի համար։
Կարդացեք նաև՝